«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում Խոզնավարի համայնքապետի հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել, ասաց՝ նախ պետք է ճշտել, թե Խոզնավարի համայնքի ղեկավարն ո՞վ է։
«Ո՞վ է նա, ո՞ր կուսակցությունից է, դա էլ ճշտեք, հետո նոր ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Շատ հետաքիքր է՝ Խոզնավարի համայնքապետն ո՞վ է, որ նման բաներ է ասում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
168.am-ը Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին խնդրեց մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի այս ձևակերպումը՝ արդյո՞ք անվտանգության հետ կապված խոսելը կապ ունի որևէ կուսակցության հետ։
«Չեմ կարծում, որ սա ինչ-որ կուսակցության հետ կապ ունի։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ասեմ, որ այստեղ նորմալ է, մնացածը բանակային կորպուսի հետ պետք է քննարկվի, ես իրավասու չեմ այդ հարցերին պաատսխանել, ինձ կներեք»,- ասաց Ներսես Շադունցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ խորհուրդ կտար, որպեսզի որևէ մեկը ստեղծված իրավիճակը չկուսակցականացնի։
«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի, մենք որքանով կարողանում ենք, այդքան մեր գործն անում ենք։ Խոզնավարի ղեկավարն այս պահին առողջական խնդիրներ ունի։ Մեր պարագայում, մենք մեր գործին լավ ենք տիրապետում, բանակային կորպուսն էլ իր տեղում է»,- եզրափակեց Ներսես Շադունցը։
Նշենք, որ այսօր տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը՝ նշելով. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»։