Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլին»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշեց բավարարել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը եւ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։
Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի եւ գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ընկերությունն այս անգամ ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաեւ Չինաստանից եւ Ուզբեկստանից։
Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար: