Իտալիայի հակամենաշնորհային կարգավորիչը 102 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին
Իտալիայի հակամենաշնորհային կարգավորիչ մարմինը Google ընկերությանը տուգանել է 102 միլիոն եվրոյով՝ գերակա դիրքի չարաշահման համար, հայտնում է «Կոմերսանտ» թերթը։
Հակամենաշնորհային կարգավորիչ մարմինը նշել է, որ Android օպերացիոն համակարգի և Google Play հավելվածների խանութի միջոցով ընկերությունն Իտալիայի շուկայում պահպանում է իր գերիշխող դիրքը, ինչը Google-ին թույլ է տալիս վերահսկել հավելվածների մշակողների հասանելիությունը օգտատերերի համար:
Երկու տարի շարունակ ընկերությունը Enel X-ի մշակած JuicePass հավելվածին թույլ չի տվել աշխատել Android Auto հարթակի հիման վրա: Այդպիսով Google-ը Enel X-ին թույլ չի տվել ավելացնել օգտատերերի թիվը և անարդարացիորեն սահմանափակել է վերջնական օգտատերերի` հավելվածը ստանալու հնարավորությունները:
Միևնույն ժամանակ Google-ն առաջ է մղել նմանատիպ այլ հավելված, որը, ի տարբերություն JuicePass-ի, պակաս ֆունկցիոնալ է եղել:
Այժմ Իտալիայի հակամենաշնորհային կարգավորիչ մարմինը Google-ին կարգադրել է թույլատրել Enel X-ի հավելվածն Android Auto հարթակում։