Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց. ՀՓՇ
Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից:
Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է:
Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և դրա իրագործումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները, խախտելով նույնիսկ մեզ համար անընդունելի այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ:
Դուրս հանելով ՀՀ Զինված ուժերը Զանգելանից և Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան ստորագրված նաև գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը պատահաբար բացահայտվեց 2020 թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հավաստի տեղեկությունների, կան այլ փաստաթղթեր ևս՝ ստորագրված 2021 թ. հունվարի 11-ին:
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, առանց հայկական կողմից որևէ դիմադրության, խախտելով նույնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում և գրավում են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող նոր տարածքներ: Եվ ո՛չ մի համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից:
Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն, ինչպես բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտոնե մեր պետության գլուխն է և մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխավորը:
Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունների կողմից բացատրվում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938 թ. Մյունխենի համաձայնագիրը):
Բանակն ունի պարտականություններ՝ ենթարկվել իշխանության հրամաններին և պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականությունների միջև հակասության դեպքում պարտավոր է ընտրել հայրենիքի պաշտպանությունը, ինչը չանելու դեպքում մեղավորները վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության:
Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը:
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ