Թերևս իրավիճակից քաղաքական միավորներ շահելուց զերծ մնաց միայն ԼՀԿ-ն
Հետպատերազմյան Հայաստանում անվտանգության խնդիրը դամոկլյան սրի պես ճոճվում է հայ հասարակության գլխին։ Թշնամին օր առ օր տարատեսակ խնդիրներ է հարուցում Հայաստանի սուվերեն տարածքում՝ իր դիրքերն առաջ բերելով ընդհուպ մինչև Հայաստանի սահմաններից ներս։ Տագնապի ու անհանգստության այս մթնոլորտում ներքաղաքական կրքերն էլ չեն հանդարտվում։ Խորհրդարանական ընդդիմությունը Սյունիքում թշնամու սադրիչ ձեռնարկումների առնչությամբ նախօրեին արտահերթ նիստ էր հրավիրել։ Ավաղ անգամ այս անհանգիստ իրավիճակում նիստը զերծ չմնաց որոշ պատգամավորների կողմից միմյանց փոխմեղադրանքներ ուղղելու և միասնության ուժերը ջլատելու հակապետական գործելաոճից։ Կարծես նիստը հրավիրված լիներ, ոչ թե անվտանգային հարցերը քննարկելու նպատակով, այլ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալու և մրցապայքարի կապակցությամբ։
Արդարության նկատմամբ մեղանչանք կլինի, եթե չնշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այս առնչությամբ շատ հավասարակշռված ելույթներով աչքի ընկան։ Նրանք օրհասական այս վիճակում մեղավորներ փնտրելու խնդիրը մի կողմ թողած, քաղաքական միավորներ շահելուց զերծ մնալով՝ փորձում էին հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել՝ թշնամու սանձազերծած անվտանգային խնդիրները լուծելու համար։ Սա պետականամետ դիրքորոշում է, որն անշուշտ բարձր գնահատականի է արժանի։
Պողոս Թունյան