Ալեքսանյանը Առողջապահության նախարարության պատասխաններում եղած ակնհայտ չարաշահումների մասին
ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ կողմից Առողջապահության նախարարությանն ուղարկված հարցումների և այդ հարցումների պատասխաններում ի հայտ եկած բացահայտ չարաշահումների և անարդյունավետ ծախսումների մասին
մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը։
44-օրյա պատերազմում զոհվածների գենետիկական նույնականացման գործընթացի մանրամասները պարզելու և առողջապահության նախարարության կողմից Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի համար երկրորդ գենետիկական անալիզատոր (սեկվենատոր) գնելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով հարցումներ եմ ուղարկել ԱՆ նախարար Ա․Ավանեսյանին։
Պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ՝
1. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում նախկինում առկա և նրանց կողմից ձեռք բերված երկրորդ սեկվենատորը նույն՝ «Thermo Fisher Scientific» արտադրության նույն՝ «Applied Biosystems 3500 Genetic Analyzer» մոդելի սեկվենատորն է, որը առկա է նաև «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ): Որպեսզի նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա սարքը կատարի ԴՆԹ նույնականացման հետազոտություն, պարզապես անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծրագրային ապահովում, թեստ-հավաքածուներ և ծախսանյութեր։ Այսինքն, Ա․Ավանեսյանը գրավոր հերքում է հենց իր՝ ԱԺ-ում հնչեցրած բանավոր պնդումը, ըստ որի․ «ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորի տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել զոհվածների դատագենետիկական հետազոտությունների իրականացման համար, որի համար էլ գնվել է նոր սարք»։
2. Ըստ ԱՆ պատասխանի՝ մեկ սեկվենատորի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է օրական 2,2 ցիկլ, յուրաքանչյուր ցիկլում` մոտավոր 90 նմուշ, այսինքն 24 ժամյա ռեժիմի պայմաններում օրական կազմում է ընդամենը 198 փորձանմուշ։ Ըստ ԱՆ պատասխանի մինչ նոր սարքի ձեռքբերումը մեկ օրվա ընթացքում կատարվում էր մինչև 12 ոսկրային հյուսվածքների անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ սարքը ձեռք բերելուց հետո մշակվող նմուշների թիվը հասել է մինչև 30-ի։ Այսինքն, ավելին քան հստակ է, որ երկրորդ սարքի ձեռքբերումը որևէ կերպ չէր կարող ավելացնել հետազոտությունների թիվը, այնինչ Ա․Ավանեսյանը ս․թ․ հունվարի 20-ին ԱԺ-ում պնդում էր, որ զոհվածների նույնականացման դատագենետիկական հետազոտությունների ուշացումները կապված են նոր սարքի գնման անհրաժեշտությամբ։
3. Առաջին հարցման պատասխանում ԱՆ ներկայացնում է, որ նախկին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ներկայիս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում առկա սեկվենատորը իբրև թե օգտագործվում է ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարվող հետազոտություններում։ Սակայն, երկրորդ հարցմամբ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի հունվարը հետազոտություններ չեն իրականացվել` հանրապետությունում COVID-19 համաճարակային իրավիճակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով։ Հետևաբար, նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը, կարիքի դեպքում, կարելի էր առանց խոչընդոտի օգտագործել ԴՆԹ նույնականացման հետազոտություններում։
4. Պետական բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 295,867,260.69 ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով «Մեդիսար» ՍՊԸ-ից «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գնվել է երկրորդ սեկվենատորը՝ ծրագրային ապահովմամբ, թեստերով և ծախսանյութերով։ Առողջապահության նախարարությունը սեկվենատորի գինը առանձին չի տրամադրում։
5. ԱՆ-ն պնդում է, որ նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորով 2021թ. փետրվարից իրականացվում են հետազոտություններ ՌԴ Ռոսպոտրեբնադզոր-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակում: Իսկ 2020թ. մարտի 1-ից մինչև 2021թ. հունվարը սեկվենատորը չի գործարկվել քովիդ-19 համաճարակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով: Սակայն, ԱՆ-ն ստելով թաքցնում է, թե որքան ՄԻԱՎ-ի դեղակայունության որոշման թանկարժեք թեստ է առկա եղել ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատորիայում, որը լաբորատորիայի աշխատակիցների ազատման և լաբորատորիայի անգործության պատճառով չի օգտագործվել և դարձել է անպիտան: Խոսքը կարող է գնալ 50-100 հազ․ դոլար արժողությամբ ապրանքի կորստի մասին: Փաստացի ընդատվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները:
6. Պարզելու համար, թե արդյո՞ք 2021թ. փետրվարից նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի գենետիկական լաբորատորիան իրականում սկսել է աշխատել, մենք խնդրել ենք ԱՆ-ից տրամադրել ՌԴ-ից որպես նվիրաբերություն ստացած թեստերի, ծախսանյութերի ցանկը, ժամկետները և դրանց ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Սակայն, ԱՆ-ն դրանք չի տրամադրել, պատճառաբանությամբ, իբրև թե հայցվող տեղեկությունները պարունակում են առևտրայի գաղտնիք: Նշված տեղեկատվության տրամադրման մերժումը ԱՆ-ի կողմից բացարձակ անհիմն է, քանի որ նշված ապրանքները ՌԴ-ից ստացվել են որպես նվիրաբերություն և որևէ առևտրային գաղտնիք չեն կարող պարունակել:
7. ԱՆ-ն չի տրամադրել տեղեկատվություն, 2021թ. փետրվար և մարտ ամիսներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ) սեկվենատորի միջոցով ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարված հետազոտությունների քանակը՝ ամսական կտրվածքով։ Այսպիսով ԱՆ-ն, անուղղակի ձևով հաստատել է, որ 2021թ. փետրվարից սեկվենատորի գործարկման մասին իր իսկ տված տեղեկատվությունը կեղծ է:
8. ԱՆ-ն չի տրամադրել նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի սեկվենատորի և ցանկով նշված հարակից ապրանքների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները և մուտքագրելիս դրանց հաշվեկշռային արժեքները, անուղղակի կերպով հաստատելով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի համար երկրորդ սեկվենատորի գնումը եղել է աննպատակ, այն որևէ կերպ չի արագացրել զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը և պարունակել է կոռուպցիոն բաղադրիչ: Եթե 2012թ. ՁԻԱՀ-ի կենտրոնի համար գնված սեկվենատորը (հարակից պարագաներով) արժեցել է 120 մլն ՀՀ դրամ, ապա 2020թ. գնված սեկվենատորի (հարակից պարագաներով) համար ծախսվել է մոտ 300 մլն ՀՀ դրամ, որն ըստ էության, նպատակին էլ չի ծառայել։