ԳՇ պետի տեղակալն ասաց, թե ինչու մեր զինծառայողները չեն կրակել գերեվարվելիս
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով այն մասին, թե ինչու մեր գերեվարված զինծառայողները զենք չեն կիրառել, հայտարարեց, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է իրավիճակը հարթել առանց զենքի ու ուժի կիրառման. «Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը: Նույն իրավիճակը եղել է նաև սույն գործողության ընթացքում: Մոտեցել են մեր 4 զինծառայողներին, զենքն ուղղել են դեպի նրանց, հրամայել են հանձնվել: Մեր երկու զինծառայողները, ովքեր գտնվել են որոշակի հեռավորության վրա, բանակցությունների համար մոտեցել են հակառակորդին: Հակառակորդը, լինելով նենգ ու դավադիր, զինաթափել ու գերեվարել է մեր զինծառայողներին»:
Ասրյանն ասաց, այս պահին համապատասխան աշխատանքներ են իրականացվում, կապ կա Արցախում գտնվող ռուս խաղաղապահների շտաբի հետ, մշտապես կապը պահպանվում է: Բանակցային գործընթացը շարունակվում է:
Հակառակորդը մի շարք պայմաններ է ներկայացրել, հայկական կողմը ևս իր պայմաններն է ներկայացրել:
Զինված ուժերի ստորաբաժանումները պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն. «Բոլոր դեպքերում բարդ իրավիճակներից խուսափելու համար փորձ է արվում բանակցային միջոցներով լուծել հարցը»: