Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ նպաստառուներից այլեւս չեն պահանջվի
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու եւ ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքը այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների եւ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն» եւ 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում:
Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առեւտրային բանկեր հաճախելու եւ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաեւ՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաեւ այդ նպատակով առեւտրային բանկերում առաջացած հերթերը: