ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արարատում
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեեւ ողջ հանրապետությունում ստացել է 53,92 տոկոս ձայն, սակայն Երեւանում այդ թիվը կազմել է ընդամենը 42,31 տոկոս:
ՔՊ-ն ամենաբարձր ձայներն ստացել է Տավուշի մարզում՝ 67,9 տոկոս: Տավուշին հաջորդում են Գեղարքունիքը, որտեղ ՔՊ-ն ստացել է 66,26 տոկոս, այնուհետեւ Շիրակը (65,11 տոկոս), Արմավիրը (63,35 տոկոս), Արագածոտնը (62,97 տոկոս), Լոռին (60,5 տոկոս) եւ Արարատը (59,97 տոկոս):
«ՔՊ» կուսակցությունը ամենացածր ձայներն է ստացել Կոտայքում՝ 52,6 տոկոս եւ Սյունիքում՝ 53,66 տոկոս:
«Հայաստան» դաշինքի դեպքում պատկերը բոլորովին այլ է. ՀՀ ողջ տարածքում դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն:
«Հայաստանը» Երեւանում ստացել է 27,15 տոկոս, ինչը ավելի քան 6 տոկոսով ավելի է իր միջին ցուցանիշից:
Սյունիքում եւս դաշինքը բարձր տոկոսներ է հավաքել՝ 27,2 տոկոս: «Հայաստան» դաշինքը Կոտայքի մարզում ստացել է 20,11 տոկոս, իսկ մնացած մարզերում ավելի քիչ է հավաքել, քան իր միջին ցուցանիշն է: Առավել քիչ ձայներ դաշինքը ստացել է Գեղարքունիքում (14,27 տոկոս) ու Արարատում (14,84 տոկոս): Մյուս մարզերում Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ստացել է 15-17 տոկոս ձայն:
«Պատիվ ունեմ» դաշինքը, որը ողջ հանրապետությունում ստացել է 5,23 տոկոս քվե, առավել բարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում, որտեղ ստացել է 9,66 տոկոս: Հիշեցնենք, որ սա Գրիգորյան (Ավշարի) եղբայրների հարազատ մարզն է:
«Պատիվ ունեմը» առավել ձայներ հավաքել է նաեւ Լոռու մարզում (7,44 տոկոս), Արագածոտնում (7,14 տոկոս) եւ Վայոց Ձորում (6,88 տոկոս): Երեւանում դաշինքն ստացել է 5,66 տոկոս:
Առավել քիչ ձայներ «Պատիվ ունեմ»-ը հավաքել է Շիրակում (2,91 տոկոս), Սյունիքում (2,92 տոկոս), Տավուշում (2,44 տոկոս), Արմավիրում (3,21 տոկոս):