Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ՌԴ սահմանապահներին տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, հայտարարել է, որ այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար:
Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
«Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել Է Պեսկովը լրագրողներին:
Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։