Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ և բալթյան երկրների 17-րդ համաժողովի Cbonds Awards CIS — 2021 մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում 2020թ․-ին։ Փոխցուցակման գործընթացը տեղի է ունեցել AMX - Հայաստանի ֆոնդային բորսայի և Մոսկվայի բորսայի (MOEX) համագործակցության և աջակցության շնորհիվ։
Այս տարի՝ հուլիսի 14-ին, Յունիբանկի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում փոխցուցակվեց Մոսկվայի բորսայում: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5․3 %:
Փոխցուցակման շնորհիվ օտարերկրյա ներդրողները կարող են գնել Յունիբանկի պարտատոմսերն առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու։ Պարտատոմսեր ձեռքբերելու համար բավական է ունենալ արժեթղթերի հաշիվ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (ԱՀԴ) կամ ԱՀԴ-ի ենթապահառուի մոտ։ Նման արժեթղթերի ձեռքբերումը մասնավոր ներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել պորտֆելի ռիսկերը և բարձրացնել արտարժույթով կատարված ներդրումների շահութաբերությունը: Ֆիզիկական անձանց պարտատոմսերը ենթակա են ապահովագրման Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից: Մոսկվայի բորսայում Յունիբանկի պարտատոմսերի շուկա ստեղծողն է GX2 Invest ընկերությունը։
«Փոխցուցակումը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է տալիս գնել հայկական բանկի պարտատոմսեր առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (ՀԿԴ) հաշիվ բացելու։ Cbonds-ը խթանում է պարտատոմսերի շուկայում նորարարական լուծումները՝ հույս ունենալով, որ ապագայում նույնպես կիրականացվեն նմանատիպ գործարքներ։ Սա կօգնի Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը ռուսական շուկայում։ Շնորհավորում ենք գործարքի մասնակիցներին», - ասաց Cbonds Խմբի Ռուսասատանի և ԱՊՀ երկրների պարտքային գործիքների շուկայի ղեկավար Ելենա Ավդոնիչևան։
«Նմանատիպ հեղինակավոր մրցանակ ստանալը հաստատում է մեր պարտատոմսերի՝ ռուսական շուկա մուտք գործելու կարևորությունը։ Հայաստանի բանկային համակարգում այս ուղղությամբ առաջինը դառնալով` մենք ռուս ներդրողներին ծանոթացրեցինք նոր շահավետ գործիքի հետ և, ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց հետաքրքրեցինք այս առաջարկով: Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին մեր ձեռքբերումները գնահատելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի և Մոսկվայի բորսաների մեր գործընկերներին ևս համակարգված աշխատանքի համար: Համատեղ ջանքերի շնորհիվ կարողացանք կարևոր քայլ կատարել պարտատոմսերի շուկայում միջազգային համագործակցության զարգացման համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
«Սա հրաշալի հնարավորություն է արժեթղթերի շրջանառությունը մեծացնելու, ռուսական շուկայից փոխցուցակման միջոցով ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև թողարկող կազմակերպությունների ճանաչելիությունը միջազգայնորեն մեծացնելու համար։ Հայաստանի կապիտալի շուկան շարունակաբար զարգանում է, և դրա վառ վկայությունն են տեխնոլոգիական արդիականցումը, բորսայական առևտրի դինամիկան և ցուցակման աճը։ Յունիբանկի թողարկած պարտատոմսերը գրավիչ են Մոսկվայի բորսայում, ինչը խոսում է բանկի հանդեպ վստահության մասին»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
«Հայաստանն ունի զարգացման մեծ հեռանկար՝ շնորհիվ բարենպաստ օրենսդրական միջավայրի, դեպոզիտար համակարգում կանոնավոր նորարարությունների և կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առկայության։ ՀԿԴ-ն շարունակում է իրագործել ներդրողներին և շուկայի մասնակիցներին դեպոզիտար ծառայություններին հասանելիություն տալու իր ռազմավարությունը։ Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար և պատրաստ ենք ցուցադրել շահագրգիռ ընկերություններին և ներդրողներին մեր շուկայի գրավչությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։
«Տեխնոլոգիաների զարգացմանը և կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը հնարավորություն տվեց մեզ հայկական թողարկողների արժեթղթեր սպասարկել և կարճ ժամանակում իրականացնել դրանց փոխցուցակումը Մոսկվայի բորսայում: Ուրախ ենք, որ ներդրված ծրագիրը բարձր գնահատվեց ինչպես փորձագետների, այնպես էլ շուկայի մասնակիցների կողմից», - ասաց ԱՀԴ-ի դեպոզիտար գործառնությունների ղեկավար Դենիս Բուրյակովը:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: 2020 թվականին բորսայական առևտրի ծավալն աճել է ավելի քան 6% -ով, իսկ գործարքների քանակը՝ 54% -ով: Պարտատոմսերի հիմնական ծավալը թողարկվում է բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների կողմից: