ՔՊ-ն իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ձախողեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Քվեարկությունն այսպիսի արդյունք գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Այսինքն, նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին:
Ավելի ստույգ՝ ուղղակի «ձեռնպահ» քվեարկեցին, քանի որ քննարկման ամբողջ ընթացքում ամբողջ «հոգով ու սրտով» դեմ էին արտահայտվում նման հանձնաժողովի ստեղծմանը՝ այդպես էլ որևէ առարկայական, հիմնավոր պատճառաբանություն չբերելով, թե ինչու է անթույլատրելի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:
Փոխարենը իշխող խմբակցությունը ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է առանձին գործեն: Ի դեպ, նաև ԱԺ-ում շեշտվեց, որ սա արվում է մեկ հանձնաժողովի նախագահ ավելի ունենալու, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ անձի համար հանձնաժողովի նախագահի պաշտոն ապահովելու համար:
Փաստացի, ըստ բազմաթիվ փորձագետների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես և կանխատեսվում էր, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում