ԱԺ տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրեց Վահե Հակոբյանին
ԱԺ տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքն առաջադրեց պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։
««Հայաստան» խմբակցությունը, առաջադրելով Վահե Հակոբյանի թեկնածությունը, համոզված է, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովում կունենանք` ի դեմս ընդդիմության ներկայացուցչի, բոլոր հնարավոր տեսակետները ներառող, քննարկումների կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողով և, որ ամենակարևորն է` պառլամենտական վերահսկողության գործիքակազմը կաշխատի առավել արդյունավետ»,– ասաց Մինասյանը` ներկայացնելով առաջադրված թեկնածուին։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրաման իրավունքը խմբակցութունների միջև բաշխվել է հետևյալ համամասնաությամբ.
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում:
ԱԺ օգոստոսի 9-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։