ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում ավելի քան 200 ընտանիքի ապահովել են խմելու ջրով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ վերջին երկու օրում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները շուրջ 15 տոննա խմելու ջուր են մաստակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:
Մինչև ջրային կայանում վերանորոգման և վերականգնողական աշխատանքների և Լեռնային Ղարաբաղի շրջաններում և քաղաքներում խողովակաշարի կառուցման ավարտը խաղաղապահներն ամեն օր կապահովեն տեղի բնակիչներին ջրով:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Ստեփանակերտ քաղաքի ինքնակառավարման մարմնի դիմումով պայմանավորված որոշում է կայացրել խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը: Կազմվել է ամենօրյա ջրամատակարարման գրաֆիկը: Այսօրվա դրությամբ՝ մոտ 10 տոննա խմելու ջուր է հատկացվել տեղի բնակչությանը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:
Խաղաղապահներն ապահովում են նաև անվտանգությունը Մարտունիի շրջանում արտեզյան հորերից ջրամատակարարման խողովակաշարի տեղակայման աշխատանքների ժամանակ, որով ջուր է հասցվելու Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայերի բնակիչներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։