Պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստում
Ղազախստանում պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստում, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ հրշեջ թիմի աշխատանքները համակարգող ղեկավարը նույնպես մահացել է պայթյունից հետո: Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 մարդու մահվան մասին: Նրանց թվում են եղել սերժանտը, եֆրեյտորը, զինված պահակախմբի քաղաքացիական աշխատակիցը և զինվորական դատախազը:
Հաղորդվում է, որ նախօրեին հրդեհ է բռնկվել Ժամբիլի շրջանում, որտեղ ինժեներական զինամթերք է պահվում: Այնուհետև առնվազն 10 պայթյուն է որոտացել: ԱԻՆ տվյալներով մոտ 90 մարդ է տուժել, այդ թվում՝ 49 փրկարար: Հիվանդանոց տեղափոխված մարդկանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում:
Շրջակա բնակավայրից տարհանել են բնակիչներին: Հետաքննություն է սկսվել: Հրդեհաշիջման աշխատանքներն էլ դեռ շարունակվում են: