Ռուսաստանի դեմ «խոր աշխատանք» է տարվում դրսից. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ «խոր աշխատանք» է տարվում արտաքին միջամտության առումով՝ քայլ առ քայլ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին նախարարը հայտարարել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում: Նրա խոսքով՝ հակառուսական քարոզչության կենտրոններ են ստեղծվում սահմանների երկայնքով, ինչը նշանակում է, որ երկրում պետք է պաշտպանության համակարգ ներդրվի:
«Նախևառաջ դա մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է: Չէ՞ որ, աստիճանաբար՝ քայլ առ քայլ, մեր դեմ խոր աշխատանք է տարվում: Կալինինգրադից մինչև Կամչատկա: Ոչ պակաս կարևոր հարց է. պետք է լինի գաղափարախոսություն, թե՞ ոչ: Ինչի՞ համար են կոմիսարները զորքերում: Ինչի՞ համար են արտասահմանում քարոզչության կենտրոններ ստեղծվել»,- ասել է Շոյգուն:
Նախարարի խոսքով՝ «հակառուսական քարոզչության թշնամական կենտրոնները ստեղծվում են երկրի սահմանների երկայնքով՝ Ռիգայում, Տալլինում, Վարշավայում, Հելսինկիում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը պետք է դրանց դեմ պաշտպանական համակարգ ստեղծի»: