Ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են նաև Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ճանապարհը բացվել է րոպեներ առաջ՝ բանակցությունների արդյունքում։
Պատգամավորը այլ մանրամասներ հաղորդել չկարողացավ, միայն նշեց, որ ճանապարհով արդեն իսկ մեքենա է երթևեկել։
Ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողներն արդեն մի քանի օր է փակ էին պահում Կապան-Գորիս ճանապարհը։ Երթեւեկությունը գործում է Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհով, որը թեև նորոգվում է, սակայն այս պահին դժվարանցանելի էր բեռնատարների համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։