Ինչու՞ գերիների մասին չեք մտածում. գոնե խիղճ ունեցեք կամ ինքներդ ձեզ գնդակահարեք, կամ դիմում գրեք՝ հեռացեք. քաշաթաղցի (տեսանյութ)
Քաշաթաղի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց տները, կամ արժանապատիվ փոխհատուցում տալ:
«Արդեն մեկ տարին լրանում է, ոչ մի ռեալ պատասխան կառավարությունից չենք ստացել: Մենք էլ ոչ մի տեղ էստեղից չենք գնա, մինչև դրական պատասխան չտան: Եթե դրական պատասխան չեղավ, վրաններ ենք դնելու էստեղ: Մեր պահանջը հետևյալն է. թող գան հստակ ասեն, որ էսինչ ամսին, էսինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Ոչ թե տարբեր տեղերից լսենք, որ մեկը տոպրակներով դոլարներ է տանում: Կամ էլ թող մեքենաները նստացնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որ կամ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կամ փախստականի կարգավիճակ տան, արտահանեն: Մեր երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ու՞մ համար են ծառայում՝ կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների: Մենք չենք ուզում Երևանի մեջ մնանք, մերը հողն ու ջուրն է, տվեք հող, ջուր, գնանք ապրենք: Եթե չէ՝ տվեք փախստականի կարգավիճակ ու ժամանակ տվեք, որ հեռանանք: Իմ տունը վերադարձնում են ինձ Հայաստանում, Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: