Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ
Գեղարքունիքի մարզի Գեղամաար խոշորացված համայնքը բացարձակ անտեսված է պետության կողմից։ Երեկվանից սպասում ենք մարզպետին, բայց դեռ չի եկել, որ մեր խնդիրները ներկայացնենք. սպասում ենք ու սպասում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ համայնքի խոշորացման դեմ ինքը պատրաստվում է արդեն վաղը ելույթ ունենալ Ազգային ժողովում, քանի որ հրավիրված է նշված թեմայով քննարկման։
Անդրադառնալով Կութ համայնքում վերջին երկու օրերին հակառակորդի կրակոցների թեմային՝ Հակոբ Ավետյանը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են կրակել, բայց ոչ ինտենսիվ. երբեմն հատուկենտ կրակոցներ են լսվում։
«Դրանք արդեն մշտական բնույթ ունեն, էլ այդքան ուշադրություն չենք դարձնում», - ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։
«Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն», - հայտարարում էին բողոքի ակցիայի մասնակիցները։