ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է։ Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դրանով հնարավորություն չի տրվում կազմակերպելու հանձնաժողովի աշխատանքը։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանին քպ-ականները չորրորդ անգամ չընտրեցին։
«Կա երկրորդ հարթությունը։ Ինձ համար անընդունելի ու անթույլատրելի է, որ այս մշտական հանձնաժողովը հավաքվի ու քննարկի մի հարց, որը հասարակության համար որևէ նշանակություն չունի։ Կան առանջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել ու ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային անվտանգությանը, զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևոց օրակարգ չեն բերվում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա կարծում է, որ այս հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ տապալում է, քանի որ մյուս հանձնաժողովներում նախագահի տեղակալ ընտրել են մեկ նիստի ընթացքում։
Անդրադառնալով այլ թեկնածու առաջադրելուն, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, իշխանությունը չի որոշելու, թե ինչ թեկնածու պետք է առաջադրի ընդդիմությունը։
«Այս պահին որոշում է կայացվել թեկնածուների հարցում հանդես գալ միասնական դիրքորոշումով։ Իշխանության քմահաճույքով չէ, որ առաջնորդվելու ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր համար միևնույն է, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը, իր համար առաջնային են երկրի անվտանգային խնդիրները, դրանց վերաբերյալ հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններ ոչ հասարակությունը, ոչ էլ խորհրդարանականները չեն ստանում։