Երբ հայրենասիրությունը գնահատում են անգամ հակառակորդները
Հայաստանի քաղաքական ամլացած դաշտը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ազգային ուժերով համալրվելու իրական կարիք ունի։ Ուժեր, որոնց կյանքի ու գործունեության իմաստը կլինի ոչ թե օտարին ու օտար արժեքներին ծառայելը, այլ սրտացավ և նվիրված ծառայությունը, որոնց միակ արժեքը Հայրենիքը կլինի։ Օրհասական այս օրերին, ցավոք, քաղաքական դաշտում միայն մեկ այդպիսի քաղաքական ուժ կա, որի նվիրվածությունն ու հայրենասիրությունն ապացուցվել է տարիներով, իսկ կուսակցության ղեկավարի և անդամների սխրանքը գնահատում են նույնիսկ քաղաքական հակառակորդները։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Հաաստանի ապազգային իշխանություններին քննադատում էր այն ժամանակ, երբ մյուսները պապանձվել էին, ծպտուն չէին հանում։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին կուսակցության առաջնորդ, գնդապետ Խաչիկ Ասրյանը բազմամարդ հանրահավաք էր գումարել Ազատության հրապարակում` «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» կարգախոսով։ Ընդամենը 8 օր անց նա մի կողմ դրեց քաղաքական տարաձայնությունները, իր ջոկատով մեկնեց Արցախ, կյանքի գնով անառիկ պահեց Մարտունի և Ճարտար քաղաքները։ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի խիզախությունը ցնցել էր նույնիսկ Հայաստանի և Արցախի իշխանություններին։ Ջոկատի ամբողջ կազմին՝ 75 հոգի պետական բարձր պարգևներ շնորհեցին, իսկ Խաչիկ Ասրյանն արժանացավ ամենաբարձր՝ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։
Այսօր էլ Խաչիկ Ասրյանն ու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շարունակում են իրենց ազգանվեր գործունեությունը, թիկունք կանգնում Հայաստանի Հանրապետությանը։
«Հայաստանի իշխանությունը պարտավոր է սպասարկել բացառապես Հայաստանի և Հայ ազգի ազգային պետական շահը, այլ, ոչ թե հանուն սեփական իշխանության պահպանման, ստանձնի ադրբեջանա-թուրքական պետությանը ծառայելու հպատակի իր գործառույթները»,- նշել է գնդապետը և հավելել, թե Հայաստանի իշխանության կողմից ցանկացած զիջում Ադրբեջանին՝ ընկալելու ենք որպես կապիտուլյացիոն քաղաքականության և թուրքական օրակարգին աջակցելու ու առաջ մղելու դավաճանական գործողություն:
Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք ջանում են դառնալ օրվա դավադիրների կցորդը, հանուն իշխանական կերակրատաշտին մոտ լինելու խախտում իրենց սկզբունքները, «Հայոց արծիվներն» աչքի են ընկնում չափազանց անաչառ և սկզբունքային դիրքորոշումներով։ Նման քաղաքական ուժերն են, որ դառնալու են Հայաստան երկրի ապագայի իրական կերտողները։
Կարեն Մնացականյան