Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։
Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, ով չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։
Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունից դուրս լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որն արդեն շրջանառվում է տարբեր միջազգային զեկույցներում կամ հայտարարություններում, բայց նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանը չի համաձայնվում ամբողջությամբ իրականացնել եռակողմ հայտարարությամբ նշված դրույթը։
Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի և մեզ վերաբերող, մեր համար նպաստավոր դրույթները իրականանում են միայն այն ժամանակ, երբ դրանք բխում են այլ երկրների շահերից։
Այս իշխանությունը դեռ պետք է պատասխան տա Ադրբեջանում հայտնված, հետագայում խոշտանգված կամ մահվան դուռ հասած քաղաքացիների ճակատագրի համար, որովհետև այս հարցում բավարար ջանք չդներդնելու և եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետ չսահմանելու արդյունքում մեր մեծ թվով հայրենակիցների ճակատագիր շարունակում է մնալ անորոշ։