Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ Ա. Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: