ՊՆ-ն հայտնել է, որ սահմանի մոտ 90 000-անոց զորք է տեղակայել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող:
«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում։
Ուկրաինայի հետախուզական գործակալությունների տրամադրած փաստերն իրենց հաստատումն են գտնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման մեջ։
Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր օկուպացված տարածքներում կենտրոնացած է զորքերի (ուժերի) խմբավորում՝ մոտ 90 000 մարդ ընդհանուր թվով»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի։
«Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի, բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը։
Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։ Բացի այդ, Պավլյուկն ասել է, որ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չի համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը»:
«Սրանք սովորական խամաճիկներ են: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նվազագույնի հասցնել Ուկրաինայի ներուժը և ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի պայմաններով»,- նկատել է գեներալ-լեյտենանտը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։