Անահիտ Ավանեսյանը նոր հայտարարություն տարածեց
Դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելու որոշումը որոշակի դրական միտումներ ցույց են տվել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Կորոնավիրուսի հիվանդացության առումով նվազում է գրանցվել, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում։
Այս մասին նոյեմբերի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։ Մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է, մոտ է 3120-ին և մենք ընթացս անում ենք աշխատանքներ՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով այդ մահճակալները տրամադրում ենք covid պացիենտներին»,-ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ թթվածնային ապահովության անխափան աշխատանքների կազմակերպման ուղղված աշխատանքներ ևս տարվում են և այս պահին բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով, չնայած, որ սպառումը մեծ ռեսուրսներով է իրականացվում։
Նախարարի խոսքով 2-րդ չափաբաժնով պատվաստում ստացել է մեծահասակ բնակչության 13 տոկոսը։ ««Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք նաև փոփոխություն իրականացրեցինք մեր հրամանի մեջ և 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում։ Իհարկե դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ և կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն։ Մենք 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա պատվաստել ենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված պացիենտների թիվը փոքր է, ինչը ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և իրենց գլխավոր դերը կատարում են։ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից 97-ն են, որ պատվաստված են։