Մինչև դեկտեմբերի 1-ը հայտարարվել է կարանտին․ Տոնական միջոցառումները կարգելվեն
Արցախի Հանրապետության նախագահի մոտ նոյեմբերի 1-ին անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից, մանրամասնելով, որ համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի՝ նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։
Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։
Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։
Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։
Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։
Նշվում է՝ Վ Բալասանյանը շեշտել է, որ բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ ։