Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ․ Աննա Գրիգորյան
Ընդիմադիրներ պատգամավորները և մի շարք քաղաքացիներ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
«Սյունիքում իրավիճակն այնպիսին է, ինչպես երեկ հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գիտենք, որ կար մեկ անցակետ, բայց գիշերվանից ավելացան նոր մաքսակետեր։ Ես հարցում էի ուղարկել տարբեր գերատեսչություններ և Ազգային անվտանգության ծառայությունից ինձ պատասխանել են՝ հայկական և ռուսական սահմանապահ զոհրքերի միջև տեղի է ունեցել բանավոր համաձայնություն տվյալ ճանապարհի անխափան երթևեկության համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ ամենևին էլ անխափան չեն երթևեկում։ Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ, որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գիշերը անհասկանալի իրադարձություն է տեղի ունեցել, սակայն ավելի մանրամասն հայտնել չի կարող։
«3 գյուղեր՝ Բարձրավանը, Որոտանը և Շուռնուխը շատ վատ իրավիճակում են հայտնվել, որովհետև այդ ճանապարհների այլընտրանքը դեռևս կառուցված չէ, ընդամենը հայտարարել են, որ աշխատանքներ են սկսվում»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ պատրաստվում են մտնել Կառավարության շենք և ստանալ պատասխաններ։
«Այս ակցիայից հետո պատրաստվում եմ գնալ Կապան՝ հասկանալու համար, թե սովորական քաղաքացին ինչպես պետք է այդ ճանապարհով գնա»,-ասաց Աննա Գրիգորյանը։