Իմ տան դիմաց գաղտնի դիտակետ են դրել, հետևում են, թե ով մտավ, ով դուրս եկավ ու ընկնում նրա հետևից. Վանեցյան
Ես դեռ ամիսներ առաջ լրագրողներին ասել եմ, որ ունեմ հստակ տվյալներ, որ ՀՀ իրավապահ մարմինները հետեւում են ինձ, իմ ընտանիքի անդամներին, լսում են անգամ իմ անչափահաս երեխաների հեռախոսները. հիմա վստահաբար ասում եմ՝ թող հերքեն, ես էլ կներկայացնեմ ապացույցներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Իմ անձնական տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որտեղ նստած նայում են, թե ով եկավ մեր տուն, ով գնաց մեր տնից։ Մեր տուն եկողի հետևից են ընկնում, սկսում են պարզել, թե ով է, ինչ է անում, ինչով է զբաղվում, սկսում են այդ մարդուն հետևել։ Ցանկացած հյուրի հետ այդպես են վարվում։ Նույն փակ դիտակետներ կան նաև «Հայրենիք» հիմնադրամի, իմ գրասենակի դիմաց։ Իմ հետևից մշտապես շրջում էին արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները:
Զավեշտն այն է, որ իմ հետևից արտաքին դիտում են դնում, ու մտածում են, որ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Ախր, համ էդ տղաներին եմ ճանաչում համ էդ մեքենաները գիտեմ, համ՝ աշխատանքի մեթոդները և միջոցները գիտեմ», - նշեց նա։
Վանեցյանն ասաց, թե չի կարծում, որ միայն իրեն են հետևում. «Իմ կարծիքով՝ այս իշխանություններն իրենց բոլոր քայլերով անում են մեկ բան՝ փորձում են պահել իրենց իշխանությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: