«Ռեալը» 112 միլիոն եվրո կառաջարկի Պոգբայի համար
Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 112 միլիոն եվրո կառաջարկի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար, գրում է The Telegraph-ը։
Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցել է Արքայական ակումբի հետ եւ համաձայնության հասել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի վերաբերյալ։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերից ակնկալում է մոտ 150 միլիոն եվրո։ Երկու տարի առաջ անգլիական ակումբը Պոգբայի համար Թուրինի «Յուվենտուսին» վճարել է 105 միլիոն եվրո։
Անգլիայի ավարտվող առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա հրաժարվել է երկարաձգել այն։