Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում. Արևմուտքը նրանից փորձում է ստանալ երկրորդ Փաշինյան.Վահե Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի փորձում է Հայաստանը տանել կիսանախագահական կառավարման: Նրա ամբիացներն այնքան են աճել, նա այնքան ոչ ադեկվատ է գնահատում այսօրվա իրականությունը, որ, բոլոր խնդիրները թողած, փորձում է իր երազանքն իրագործել, որ իրեն ասեն ոչ թե պարոն վարչապետ, այլ՝ պարոն նախագահ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։
«Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ գնալու է սահմանադրական փոփոխությունների, արդեն ձևավորել է դրանով զբաղվող հանձնաժողով, ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր է անում Հայաստանում կառավարման համակարգը փոխելու ուղղությամբ»,-ասաց Վահե Հակոբյանը և շեշտեց՝ Հայաստանը հիմա պատրաստ չէ նման ցնցումների.
«Մենք, նախևառաջ, պետք է այս հետպատերազմյան և պարտվողական իրավիճակից դուրս գանք, հետո նոր բոլորով մտածենք՝ մեզ պառլամենտակա՞ն երկիր է պետք, թե՞ կիսանախագահական»,-ասաց Վահե Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի շուրջ ստեղծված աղմուկին և նրա պաշտոնանկությանը, Վահե Հակոբյանի խոսքով՝ սա Արևմուտքի ծրագիրն է, որը փորձում է «Հայկ Մարությանից երկրորդ Նիկոլ Փաշինյան ստեղծել»:
Պատգամավորի խոսքով՝ Արևմուտքը, որը մեծ դեր ուներ 2018թ-ին հեղափոխության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանից սպասումները չեն արդարացվել, ուստի հիմա, ի դեմս Հայկ Մարությանի, փորձում է «կեղծ» ընդդիմություն ստեղծել՝ վերջինիս շուրջ համախմբելով արևմտամետ քաղաքական ուժերին:
«Նիկոլ Փաշինյանը, լինելով ապաշնորհ և անհեռատես ղեկավար, չիրականացրեց Արևմուտքի բոլոր սպասումները, հիմա Հայկին առանձնացնում են իրենցից, եւ հետագայում կփորձեն նրա շուրջ կոնսոլիդացնել արեւմտամետ ընդդիմադիրներին. կարճ ասած՝ Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Արևմուտքին հիմա պետք է մի կերպար, որի շուրջ կկոնսոլիդացվեն քաղաքական ուժերը, քանի որ ո՛չ Արման Բաբաջանյանը, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ Արամ Սարգսյանը չեն կարողանա այդ բեռն իրենց վրա վերցնել, չեն աճել այդքան։ Չեմ ասում Հայկ Մարությանն այդքան աճել է, բայց Արևմուտքի տեսանկյունից նրան կարող են խաղարկել»,-ասաց Վահե Հակոբյանը: