Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
««ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է». այս մասին այսօր հայտարարել է ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը:
Երեկ այս գերատեսչությունը, ամենայն հավանականությամբ վերոնշյալ տիկնոջ մկրտությամբ, ՍԴ նիստից անմիջապես հետո հայտարարություն տարածեց որոշման վերաբերյալ: Նախարարությունն իր հայտարարությունը հրապարակել էր այնպիսի իմպերատիվությամբ, կարծես ՍԴ-ի կողմից պատվիրակվել էր իրականացնելու վերջինիս մամլո ծառայության պարտականությունները։
Ամենաքիչը աբսուրդ է պետական մարմնի իրավաբանական ստորաբաժանման ղեկավարի կողմից նմանաբովանդակ հայտարարությունը առնվազն 2 պատճառաբանությամբ.
1. Նախ բոլորս ծանոթ ենք բացառապես ՍԴ որոշման եզրափակիչ մասին, որը մի կերպ ընթերցեց ՍԴ նախագահ* Արման Դիլանյանը, և նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է որոշման բովանդակությանն անտեղյակ լինելով ծավալատարածական մեկնաբանություններ տարածելը:
2. Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու, քանի որ պետությունը չի կարող հաղթել ինքն իրեն մեկ այլ պետական կառույցում:
Հ.Գ. ՍԴ որոշմանը և դրանից բխող իրավական հետևանքներին կանդրադառնամ դրա ամբողջական բովանդակությանը ծանոթանալուց հետո»: