«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ամանորյա ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
անցնող տարին բարդ ու ծանր էր մեր երկրի ու ժողովրդի համար:
Ցավոք, մեր պարտությունը կանգ չառավ 2020թ-ի նոյեմբերին: Այն շարունակվեց ողջ անցած տարվա ընթացքում և ահագնացող տեմպերով շարունակվում է մինչ օրս:
Երկիրը ոտքի կանգնեցնելու, մեջքը ուղղելու փոխարեն այս իշխանության պատճառով էլ ավելի խորացան պարտություններն ու վիշտը:
Հանուն սեփական իշխանությունն ու աթոռը օր ավել պահելու Փաշինյանն իր գաղտնի-կիսագաղտնի պայմանավորվածություններով, կեղծ խաղաղության օրակարգերով, միակողմանի զիջումներով, ինչպես նաև աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշվելով, մեր երկիրը կանգնեցրեց շատ լուրջ մարտահրավերների առաջ:
Մեր ժողովրդի, մեզանից յուրաքանչյուրի առջև ծառացած խնդիրներն իրենց ցավալի դրսևորումներն ունեցան նաև սոցիալ-տնտեսական կյանքում: Շարունակվող գնաճը, տնտեսության մեջ մեծագույն անորոշությունը, մարդկանց եկամուտների նվազումը, տնտեսական իրական աշխուժության բացակայությունը և բազմաթիվ այլ հարցեր այս իշխանության ապիկար քաղաքականության հետևանքներից են: Նշված և այլ բազմաթիվ գործոնների հետևանք էր նաև արտագաղթի այս տարվա մտահոգիչ տեմպը:
Բայց մեր պատմությունը հուշում է, որ նույնիսկ ամենածանր ու մութ պահերին մենք չենք հանձնվել ու չենք կոտրվել, միշտ գտել ենք խոհեմ լուծումները, վճռական պահին համախմբվել, մի բռունցք ենք դարձել ու հաղթահարել բոլոր դժվարությունները:
Թող 2022թ-ը լինի համախմբման, վերականգնման ու վերածննդի տարի՝ մեր երկրի, մեր ժողովրդի համար:
Ցանկանում եմ, որ գալիք տարում յուրաքանչյուրս մեր հերթին ու պետությունն իր հերթին ամուր կանգնած լինենք բոլոր այն անհատների ու ընտանիքների կողքին, ում օջախի լույսը խամրել է պատերազմի ու դրա հետևանքների պատճառով: Զոհված հերոսների ընտանիքները, վիրավորները, չվերադարձած տղաներն ու նրանց ընտանիքները, փախստական դարձած մեր հայրենակիցները բոլորիս հոգածության կարիքն ունեն:
Սիրելի հայրենակիցներ,
խաղաղություն ու առողջություն եմ մաղթում յուրաքանչյուրիս, մեր ընտանիքներին, բոլորիս: Ցանկանում եմ, որ 2022-ին գտնենք կամ վերագտնենք մեր երջանկության ու հաջողության բանաձևը: