Արարատ-73-ի աստղերից Նիկոլայ Ղազարյանը նշում է ծննդյան 75-ամյակը
Այսօր Երևանի «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանի ծննդյան օրն է․ լեգենդար ֆուտբոլիստը դարձավ 75 տարեկան։
Ղազարյանը 1965-1976թ․թ․ հանդես է եկել «Արարատի» կազմում, իր ակտիվում ունենալով 298 հանդիպում և 67 գոլ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։
Նա հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։
Աշխատել է ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ է, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։