Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել
Ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայում վերանորոգվող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական 3 ինքնաթիռ: Այս մասին գրում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը՝ հղում անելով ռուսական մամուլին, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները գտնվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ընկերությանը՝ «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում, որը Ուկրաինայի այլ ռազմական օբյեկտների հետ միասին թիրախավորվել էր ռուսական օդատիեզերական ուժերի կողմից:
Նշվում է, որ «Ուկրոբորոնպրոմ»-ի նախորդ ամիս տեղի ունեցած հավաքի առիթով հրապարակված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող առնվազն 3 նման ինքնաթիռ: Նշվում է, որ դրանք օգտագործման համար ոչ պիտանի են դարձել ռուսական ուժերի կողմից Լվովի գործարանին հասցված հրթիռային հարվածների արդյունքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։