Վրաստանը կամավորներ չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանի կառավարությունը չի օժանդակի կռվել ցանկացող կամավորներին Ուկրաինա ուղարկելու կազմակերպմանը, քանի որ դա հավասարազոր է ռազմական գործողություններին հանրապետության մասնակցությանը։ Այս մասին չորեքշաբթի օրը վրացական IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Չաչիբայան։
«Կառավարությունը չի կազմակերպի կամավորների ուղարկումը [Ուկրաինա]: Դա կարող է ընկալվել որպես ռազմական գործողությունների մասնակցություն», - ասել է նա:
Երկուշաբթի օրը մի խումբ վրացի կամավորներ հայտարարեցին, որ պատրաստվում են մեկնել Ուկրաինա և կռվել ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չի տալիս ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարել Թբիլիսիում՝ նրանց վերցնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել է, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։