Իրազեկում՝ մարտի 7-ի աշխատանքային օր լինել-չլինելու վերաբերյալ
Իրավաբան․net-ը մի շարք քաղաքացիներից հարցեր է ստանում այն մասին, թե մարտի 7-ը լինելու է աշխատանքային, թե՝ ոչ աշխատանքային օր։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երեքշաբթի է:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն կառավարությունը նման որոշում չի ընդունել: Այսպիսով, մարտի 7-ը կլինի աշխատանքային օր։