Հարձակում է նախապատրաստվում. գաղտնի փաստաթուղթ է հրապարակվել
ՌԴ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է ուկրաինական լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ 2022 թվականի մարտին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Փետրվարի 24-ից ՌԴ զինված ուժերի իրականացրած հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է այս տարվա մարտին ուկրաինական զորքերի հարվածային խմբերի լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա, որոնք չեն վերահսկվում Կիևի կողմից»,- ասել է Կոնաշենկովը։
Կոնաշենկովի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որքան խորն են ներգրավված եղել ուկրաինական բանակի կողմից Դոնբասը գրոհելու գործողության ծրագրման ու նախապատրաստման մեջ։
«Այսպիսով, առայժմ անորոշ է մնում միայն մեկ հարց. որքան խորն են ներգրավված եղել ԱՄՆ ղեկավարությունը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մարտի սկզբին ուկրաինական զորքերի միջսպասարկման խմբավորման կողմից Դոնբասը գրոհելու գործողության պլանավորման և նախապատրաստման մեջ», — ասել է նա։
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանը՝ այս տարվա մարտին Դոնբասի դեմ հարձակման վերաբերյալ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանի բնօրինակը… Փաստաթուղթը հասցեագրված է Ուկրաինայի ազգային գվարդիայի հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և արևմտյան տարածքային վարչությունների ղեկավարներին»,- ասել է Կոնաշենկովը։
Գեներալն ընդգծել է, որ «փաստաթղթի վրա կան այն պաշտոնյաների ստորագրությունները, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության առաջադրանքների կատարման համար»։
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարությանը բերված հրամանում մանրամասնորեն նկարագրված է «Դոնբասում» այսպես կոչված «միացյալ ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման պլանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։