Գյուղից տարհանել են կանանց և երեխաներին՝ հնարավոր զոհերից խուսափելու համար. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրականում ի՞նչ է կատարվում Արցախի Խրամորթում այս պահին․
Ադրբեջանական կողմը վերջին օրերին ավելացրել է սադրանքների քանակը Արցախի առաջնագծի մոտ՝ փորձելով ստեղծել լարվածություն և այդկերպ մարդկանց ստիպել՝ հեռանալ Արցախից։ Խրամորթը, որի վրա արդեն մի քանի օր կրակում է թշնամին, Ասկերանի շրջանի գյուղերից է, շատ մոտ է 2020-ի պատերազմից հետո ձևավորված առաջնագծին։ Մոտ է նաև Աղդամին։ Հենց դրա դիրքերից էլ թշնամին կրակում է և բարձրախոսով փորձում ահաբեկել տեղի բնակիչներին։
Մարտի 10-ի առավոտյան ևս շարունակվել են թշնամու
սադրանքները Խրամորթի ուղղությամբ։ Չնայած ռուսական խաղաղապահ ուժերը տեղում են, կանգնած են առաջնագծում, բայց թշնամին ականանետերով կրակում է գյուղի վրա։
Ամենաթարմ տվյալներով, որ քիչ առաջ ինձ հայտնեց Արցախի Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը, Խրամորթում թեթև բեկորային վիրավորում է ստացել խաղաղ բնակիչներից մեկը։
Գյուղից տարհանել են կանանց և երեխաներին՝ հնարավոր զոհերից խուսափելու համար։ Սակայն գյուղը տեղում է, տղամարդիկ տեղում են, պատերազմ չի։ Ադրբեջանը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական լարվածությունից ու սեփական ծրագրերն իրականացնել, սակայն մեր համառությունից է կախված՝ դա իրականություն կդառնա՞, թե՞ ոչ։
Որպես Արցախը լավ ճանաչող և այս գործընթացները ներսից իմացող, վստահեցնում եմ, բացի նման սադրանքներից, Ադրբեջանը որևէ հաջողության չի հասնի։ Արցախն իրականում այսօր ավելի ապահով է, քան ՀՀ-ն։