Պուտինի վերջին մարտը․ Մեծագույն ոճրի շեմին
Ռուսաստանի առաջին դեմքերի հայտարարություններից ու պետական պրոպագանդայից պարզ է դառնում, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Պուտինը կանգ չի առնելու ոչնչի առաջ։
Արեւմտյան հետախուզությունների տվյալներով, ՌԴ-ն պատրաստում է տեխնոգեն աղետներ, մասնավորապես՝ իր վերահսկողության տակ անցած ուկրաինական ատոմակայաններում պայթեցումների եւ քիմիական զենքի կիրառման միջոցով։ Դա ակնհայտ է նաեւ ՌԴ պաշտոնյաների ու պետական պրոպագանդայի հայտարարություններից․ եթե նրանք Արեւմուտքին եւ Ուկրաինային մեղադրում են նման մտադրությունների մեջ, նշանակում է ֆոն են փորձում ստեղծել իրենց գործողությունների համար։
Դրա հավանականությունը չափազանց իրական է գնահատվում։ Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձգձգվում է ուկրաինական բանակի ու հանրության դիմադրության, ռուսական բանակի, դիվանագիտության, քարոզչության տապալման պայմաններում։ ՌԴ-ն արդեն կիրառել է Ուկրաինա մտցված ռազմական ներուժի 95 տոկոսը, նշում են հետախուզությունները եւ ռազմական փորձագետները։ Չի ստացվել ոչ միայն բլից-կրգը, այլեւ տապալվել են մի շարք պլաններ, սպառվում է հարձակողական ներուժը, նշում են նրանք։
Դրան գումարվում են դաժան պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը ոչ միայն մեկուսացնելու, այլեւ տնտեսությունը փլուզելու ներուժ ունեն։
Մյուս կողմից, Պուտինը նահանջելու տեղ չունի՝ մի կողմից իր անձնական հիվանդագին բարդույթներն ու հավակնություններն են, մյուս կողմից՝ նրա մառազմատիկ շրջապատն ու այդ բարդույթների ու հավակնությունների պրոպագանդայով մշակված ու դեգրադացված «խորքային ժողովուրդը», որը հաղթանակ է պահանջում։
Մոսկվայի վերջին քայլերը՝ Մերձավոր Արեւելքից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը, վագներական ու չեչենական պատժիչ խմբերի ամենաթողությունը, Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, միջուկային ու քիմիական զենքի շանտաժը անհամատեղելի են լեգալ պետության հետ եւ Ռուսաստանը դուրս են դնում օրենքից։ Մյուս կողմից, այդ ամենը վկայում է, որ Մոսկվան ներգրավում է բոլոր հնարավոր «ռեզերվները»։ Կայսրության վերջին մարտն է՝ լինել-չլինելու խնդիր՝ այսպիսին է Պուտինի պատկերացումը տեղի ունեցողի հանգուցալուծման մասին։