Փաշինյանն ահազանգում է․ կհետեւե՞ն համարժեք գործողություններ
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ։ ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի վերջին բանակցություններից հետո զարգացումները, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ բոլոր մարդկանց, ովքեր ապրում են այնտեղ»:
Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվում Բրյուսելում «խաղաղության պայմանագրի» հավանական ստորագրման մասին։ Արցախում էսկալացիան, Հայաստանում խուճապային տրամադրությունների տարածումը նման համաձայնագրի ստորագրման «անխուսափելիությունը» արդարացնելու նախերգանք են թվում։ Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Բրյուսելի հանդիպմանը հույս ունի Ալիևի հետ համաձայնեցնել սկզբունքները և սկսել «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները։
Ավելի վաղ ԱԳ նախարարն ու իշխող Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները չէին բացառել, որ նման պայմանագրի համար անհրաժեշտ կլինի հանրաքվե։ Այսինքն՝ չի բացառվում, որ հայաստանցիներին առաջարկվի պայմանագրով քննարկել ներկայիս սահմանների ամրագրումը։ Իշխող կուսակցությունն այդպիսին է համարում խորհրդային սահմանները, իսկ «Տեղից այն կողմ՝ Ադրբեջան է»։ Թեեւ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից պարզ դարձավ, որ Բաքուն դեմ է այդ սահմաններով սահմանազատմանը եւ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։
Հայաստանում և Արցախում բողոքի ակցիաներ են հասունանում, ինքնապաշտպանության և պայմանագրի ստորագրումը կանխելու կոչեր են հնչում։
Բանակցություններ են վարում մարդիկ, ովքեր ասում են, որ հանուն «խաղաղության» կարելի է գնալ ամեն ինչի։ Երեկ Բրյուսելում Եվրամիության հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Գրիգորյանն ու Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ շարունակելու քննարկումները, մասնավորապես «դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ»։ Հիշեցնենք, որ Միշելը խոստացել էր օգնել սահմանազատման հարցում։
«Հայաստանը և Ադրբեջանը կքննարկեն նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցեր», ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավիճակի եւ Բաքվի իրական ձգտումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթը կառավարության այսօրվա նիստում բավական համարժեք էր։ Նա ասել է, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման եւ հայկական հետքի վերացման, սադրանքներ և լայնածավալ հարձակում է նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ փորձելով դրա համար իրավական հիմքեր ստեղծել, պահանջում է Պաշտպանության բանակի դուրսբերում Արցախից, ինչը հավասարազոր է հայերի դուրսբերմանը։ Փաշինյանը նշել է, որ Փառուխում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանության կարիք ունեն, այլապես կենթարկվեն ցեղասպանության, որ անհրաժեշտ են միջազգային զսպման մեխանիզմներ, իսկ ռուս խաղաղապահների պահվածքը հարցեր է առաջացնում։
Սակայն եթե այս գնահատականներին չհետեւեն նույնքան համարժեք քայլեր, այդ ելույթը կնշանակի «հողի նախապատրաստում»։ Նա չի ասել, թե ինչ է պատրաստվում անել հայաստանը, բացի «խաղաղության պայմանագրին» ձգտելուց։ Եթե Փաշինյանը կարծում է, թե ինքը պատասխանատու չէ Արցախի ապագայի համար, ապա ի՞նչ իրավունքով է մտադիր ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը կորոշի Արցախի ճակատագիրը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/31/708380/