Հրաձգություն մետրոյում․ կան վիրավորներ
Նյու Յորքի Բրուքլին շրջանում՝ մետրոյի կայարանում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 13 մարդ վիրավորվել է։ BBC-ի փոխանցմամբ՝ կայարանում նաև մի քանի չպայթած սարք է հայտնաբերվել։
Դեպքը տեղի է ունեցել Սանսեթ Փարք թաղամասի կայարանում տեղի ժամանակով առավոտյան 8։30-ի սահմաններում։ Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում արյունոտ ուղևորները պառկած են կայարանի հատակին։
Կասկածյալը փախուստի է դիմել։ Ըստ ականատեսների՝ հրաձիգի հագին եղել է նարնջագույն շինարարական բաճկոն և հակագազ։ Նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն։
Նյու Յորքի քաղաքապետի խոսնակը նյույորքցիներին կոչ է արել հեռու մնալ տվյալ հատվածից։
Նյու Յորքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ իրենք սկզբում ահազանգ են ստացել կայարանում ծխի վերաբերյալ։ Սակայն դեպքի վայր ժամանելիս այնտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով մարդկանց։