«Հիմա տեսակի կռիվ է. այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, որևէ կուսակցության». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բավականին տարբերվում է այն գործընթացներից, որոնք կատարվում էին 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ինչպես նաև 2021-ին, երբ ընտրություններ էին: Այս պայքարը ես համեմատում եմ Արցախյան շարժման հետ, որտեղ մարդիկ հանուն մեկ գաղափարի էին հավաքվել, ինչի արդյունքում Խորհրդային Միությունը, ի դեմս Կոմունիստական կուսակցության և КГБ-ի, ոչինչ չկարողացավ անել շարժման դեմ, և շարժումն, ի վերջո, հաղթեց»:
Անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, հանուն որևէ կուսակցության: Եվ եթե առաջնորդների, կուսակցությունների դեմ աշխատելը հեշտ է, ապա այսպիսի շարժումների դեմ դժվար է աշխատել: Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել: Ի՞նչ այլ գաղափար պետք է առաջարկես այդ մարդկանց, Հայաստա՞նը, թե՞ Արցախը պետք է սևացնես իր աչքերում, որ չգա հրապարակ: Մենք տեսնում ենք, որ, անկախ եղանակային պայմաններից, ամեն օր երթերին մասնակցող մարդիկ միայն ավելանում են, նրանց դեմ անհնար է պայքարել: Մարդիկ գալիս են իրենց կամքով՝ հանուն Արցախի: Գալիս են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանության գլխին ամեն օր մնալը խնդիր է առաջացնում ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց մեր զրուցակիցը:
«Տիգրան Քոչարյանի համար իշխանությունների կողմից այս օրերին դրսևորվող ռեակցիան մի փոքր անսպասելի է եղել.Շատ ոչ ադեկվատ ռեակցիա են տալիս այս ամենին և՛ ոստիկանությունը, և՛ իշխանությունը: 2020-ից ի վեր ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը զգուշացնեին ինչ-որ պրովոկացիաների մասին, և այսպիսի պայքար գնար ընդդիմության դեմ: Ժողովրդական խոսքով ասած՝ տպավորություն է, որ իշխանության վախը բռնել են ընդդիմադիրները: ԱԺ-ում ոչ ադեկվատ, հիստերիկ ծափահարությունները, կարմիր ու սև բերետավորների դաժանությունները միայն մի բանի մասին են վկայում՝ իշխանություններն իսկապես բավականին վախեցած են: Նշվածի ցուցիչն էր նաև ոստիկանների ու ոստիկանական տեխնիկայի ահռելի քանակը, այդ թվում՝ ԱԺ-ի շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր մասնակցելու ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակը, ամեն դեպքում, արագ հանգուցալուծում կստանա, և իշխանությունը շուտով հրաժարական կտա: Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակ պնդումներ ևս կան, այն է՝ քանի որ այս իշխանության պարագայում այլ իրավիճակ է, ի մասնավորի՝ հաշվի առնելով հասցրած վնասները՝ հետդարձի ճանապարհ չունեն, Տ. Քոչարյանն արձագանքեց. «Պարզ է, որ այդքան հեշտ չեն գնալու, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ սկսած սադրանքներից: Ամեն դեպքում հաշվարկել էին իրենց քայլերը: Բայց 2018-ի ու այս ժամանակվա ընդդիմությունը տարբեր են: Ներկայիս ընդդիմությունը գիտի՝ հանուն ինչի է դուրս եկել: Դուրս է եկել հանուն հայրենիքի: Այսինքն, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը պետականամետ և ազգայնամետ է: Իսկ 2018-ին, այո, ժողովուրդը դուրս էր եկել, աջակցել էր, բայց այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդներն անհայրենիք, ապազգային տարրեր էին: Մարդկանց խաբելով, մարդկանց ստելով ու օգտագործելով հատկապես սոցիալական հարցերը՝ հասան իշխանության, որպեսզի հանձնեն Հայաստանը և Արցախը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց մեծամասնությունն ավելի կուռ է, որովհետև ոչ թե հանուն Փաշինյանի կամ ընդդեմ ինչ-որ բանի է պայքարում, այլ հանուն Արցախի, հանուն իր անվտանգության, հանուն իր երեխաների՝ Թուրքիայում չապրելու իրավունքի: Այստեղ ոչ թե նախընտրական արշավ, այլ տեսակի կռիվ է. կա՛մ մենք ապրելու ենք որպես հայ, կա՛մ ապրելու ենք որպես անհասկանալի բիոզանգված, որի վրա ով ուզենա, ոտքերը կմաքրի: Սա է Նիկոլ Փաշինյանի ու իրեն աջակցողների նպատակը՝ հայերին որպես գործոն վերացնել այս տարածաշրջանում, ՀՀ-ն սարքել ֆիկտիվ մի, այսպես ասած, կազմակերպություն, իսկ որոշ օլիգարխներ էլ, օգտվելով իրավիճակից, կփորձեն Թուրքիայից էժանով ապրանք առնել ու թանկով ծախել Հայաստանի վրա»:
Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը վերաբերում էր Հայաստանում առկա ճգնաժամին: Նա, մասնավորապես, նշել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույնն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: «Լևոն Տեր-Պետրոսյանը «մուտիլովչիկ» է: Ինչպես եղել է Մատենադարանում աշխատելիս, նույն ձևով էլ շարունակել է իր քաղաքական կարիերան: Լևոն Տեր-Պետրոսյանից որևէ լավ բան սպասելն անհնար է: Այդ մարդը Նիկոլ Փաշինյանին ասում է ազգակործան պատուհաս, բայց ձևացնելով, թե Նիկոլ Փաշինյանին վատաբանում է, իրականում շարունակում է պաշտպանել նրան: Ու նախօրեի իր արտահայտությունները կրկին Փաշինյանին պաշտպանելու տրամաբանության մեջ էին: Խիստ զարմանում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր հարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրա հանդեպ, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, Լևոն Տեր- Պետրոսյանի ռևանշն է: Բոլոր հիմնական պաշտոններում կանգնած են իր ընկերները կամ ընկերների երեխաները: Հիմա ՀՀՇ-ի ռևանշն է տեղի ունենում. այն, ինչ չկարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանն անել 1996 թվականից հետո, ինքը հիմա անում է Նիկոլ Փաշինյանի ու երիտնիկոլականների ձեռքերով»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում