Արարատից հայտնում են. կա 4 վիրավոր
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վիրավորներին մեծ դժվարությամբ ճոպաններով և փրկարարական ամենագնացով դուրս են բերել վթարի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Անտոնյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Յու. Սողոմոնյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի տնօրեն: