Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։
Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,սՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։
Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Այս հիշարժան օրը թույլ տվեք մաղթել Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարգավաճում»։
Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում։
Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Այս նշանակալից օրը թույլ տվեք մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»:
Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին: