Մայիսի 9-ի նվեր Պուտինին
Ռուսական բանակը մայիսի 7-ի գիշերը ավիառումբ է նետել Լուգանսկի շրջանի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող Բելոգորովկա բնակավայրի դպրոցի շենքի վրա, որի նկուղում պատսպարվել էր մոտ 90 խաղաղ բնակիչ։ Նախնական տվյալով, զոհվել է 60 մարդ։ Նույն շրջանի Շիպիլով բնակավայրում հրետակոծվել է երկհարկանի տուն, որի փլատակների տակ են մնացել 11 բնակիչներ, հայտնում է Լուգանսկի վարչակազմը։
Ռուսական եւ միջազգային մամուլում վերջին շրջանի քննարկվող թեման այն է, թե մայիսի 9-ի շքերթին Պուտինը Ուկրաինայում ինչն է համարելու հաղթանակ։ Ըստ հրապարակումների, ռուս զինվորականները խոստացել են ամեն գնով դուրս գալ Դոնեցկի ու Լուգանսկի խորհրդային վարչական սահմաններ, ինչը լավ նվեր կլիներ գերագույն հրամանատարին։ Սակայն այսօրվա դրությամբ ռուսական բանակին դա չի հաջողվել։