Ղազախի 7 գյուղերը (Տավուշ) և Տիգրանաշենը կվերադարձվեն Ադրբեջանին. հայտարարություն
Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացի համար համաձայնություն է տվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Նա նշել է, որ խաղաղ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա։
Նա անդրադարձել է Ղազախի շրջանի 7 գյուղերի (Տավուշի շրջանի համայնքներ՝ Tert.am) և Տիգրանաշենի «վերադարձի» հարցին՝ նշելով, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան, գրում է Minval.az-ը։
«Այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում: Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները «Ադրբեջանի տարածքը» (չակերտները՝ Tert.am) չեն։ Քանի որ այդ տարածքների «վերադարձն»(չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների «վերադարձը» (չակերտները՝ Tert.am) , և լուծում կգտնվի»,- ասել է Խալաֆովը: