Երևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ Թոխատյան
Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:
Այս թեմայով կարծիք հայտնելու 1or.am-ի առաջարկին ի պատասխան` դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց.
«Այստեղ ոչ թե կարծիք, այլ զայրույթ պետք է լինի, որովհետև Ավետիք Չալաբյանի նմանին չի կարելի ձերբակալել. դա աքսիոմա է և բացատրելու կարիք էլ չունի։ Ամբողջովին շինծու գործ է:
Կարելի էր գոնե հաշվի առնել, թե Ավիկն ինչքան ծառայություն է մատուցել Հայաստանի Հանրապետությանը։ Ուրիշ բան է, որ դա արել է սրտով, խղճով ու առանձնապես չի գովազդել իր գործունեությունը, բայց տասը տարուց ավելի շատ ու շատ բաներ է արել։ Երևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին, ես ուրիշ բացատրություն չեմ գտնում»։
Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:
Մարիամ Նալբանդյան