Այսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը կիրականացվի այսօր՝ 30.05.2022թ-ին, ժամը 17:00 վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ