Կողբից գողացել են հեռուստացույց և երաժշտական գործիք
Մայիսի 18-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի մի տնից գողություն են արել։ Ոստիկանները պարզեցին տուժողի ինքնությունը. մայիսի լույս 6-ի գիշերը նրա առանձնատնից հափշտակել էին հեռուստացույց և երաժշտական գործիք։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Կողբի՝ երեք, և Երևանի մեկ բնակիչ։ Չորս տղամարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։
Պարզվեց, որ գողությունից հետո երևանցի տղամարդը գողոնը ուղարկել էր մայրաքաղաք ու վաճառել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։