Այս ապիկար իշխանության և Չալաբյանի հեռանկարային տեսլականը տրամագծորեն հակասում են միմյանց. Մենուա Սողոմոնյան
Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:
«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմենյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը կալանավայրից հեռանկարային զարգացման օրակարգի նախագծեր է տալիս.
«Դա նրա՝ երկար տարիների ընթացքում ստացած կրթության, աշխատանքային գործընթացների, բավական լայն շրջանակների հետ շփումների արդյունքում ձևավորված գիտելիքների, մտահորիզոնի արդյունքը, արգասիքն է: Առաջին հերթին ես կցանկանայի ընդգծել, որ նրա առաջադրած օրակարգերը ենթակա են հանրային և մասնագիտական լայն քննարկման: Հետաքրքրական է, որ իր այս հոդվածաշարով Ավետիքը կարծես մի տեսակ հայ ժողովրդի քաղաքակրթային առաքելության պատասխանը տա, որովհետև մենք համարում ենք, որ մեր ժողովուրսը պատահական ժողովուրդ չէ, քաղաքակրթային առաքելություն ունեցող է: Ավետիքն իր հոդվածաշարում տալիս է նաև կենսունակ պետություն և պետականություն ունենալու բոլոր կարևոր հանգրվանները, հեռանկարները: Հայահավաքը, օրինակ, դրանցից մեկն է. հայ ժողվրդի տարբեր հատվածների լավագույն կարողությունների, գիտելիքների մեկտեղումը Հայաստանում: Այն մասին, թե ինչպես պետք է ձևակերպենք մեր հայկական երազանքը, ինչպես պետք է հայ ժողովուրդը, որ աշխարհի տարբեր երկրներում հասնում է հաջողությունների, իր երկրում ևս ստեղծի բոլոր այն պայմանները կենսունակ պետություն ունենալու և զարգանալու համար:
Արդիականացման թեմայով, որպես կրթության փորձագետ, տեսնում եմ շատ հետաքրքիր և ճշմարտացի ձևակերպումներ՝ կրթական հնարավորությունների, պետության կողմից կրթության նկատամբ ուշադրության, պետական պատվերի մեծացման: Կրթությունը չպետք է լինի ինքնանպատակ, և կրթության փիլիսոփայությունը չպետք է թելադրված լինի վայրի կապիտալիզմի տրամաբանությամբ: Այսօր բարձրագույն կրթության ոլորտում պահանջարկի և իրականում մեր պետությանն անհրաժեշտ մասնագետների մեջ մեծ անջրպետ, խզվածք կա: Ավետիքն ասում է, որ մեր երկրի զարգացումը պետք է կոնկրետ ինչ-որ ուղղվածությամբ լինի, մեր մարդկային քիչ ռեսուրսները պետք է կարողանանք օգտագործել օպտիմալ: Ինքը խոսում է տեխնոլոգիապես արդիականացման մասին և, քանի որ իր գործունեությունն էլ գերազանցապես նվիրված է ռազմական արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիաներին, մեր տարածաշրջանում էլ հնարավոր չէ առանց ռազմապես ուժեղ լինելու կենսունակ լինել, հետաքրքիր մի ուղեգիծ է տանում, որ տեխնոլոգիական առաջընթացը, մասնավորապես ռազմական արդյունաբերության վերաբերյալ, մեր պետության, հասարակության կարևոր ֆունկցիոնալ ուղղություններից պետք է լինի, և կրթության առաջարկն էլ պետության կողմից հենց պետք է կենտրոնանա այդ ուղղությամբ: Մեր պետությունը, այսպես ասած, պետք է «տիրություն անի» կրթության այն բնագավառներին, որոնք կսպասարկեն այդպիսի մասնագետների պատրաստումը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:
Մեր հարցին, հնարավո՞ր է, որ գործող իշխանությունները վերցնեն այս օրակարգը և դրանով առաջ գնան, Սողոմոնյանը պատասխանեց.
«Գործող իշխանությունները ոչ միայն ապիկար են, որպեսզի կարողանան այսպիսի լուրջ հարցերը վերցնել իրենց համար որպես ուղենիշ, այլև նրանց ուզածը և այն հեռանկարային տեսլականը, որ նկարագրում է Ավետիքը, տրամագծորեն հակասում են: Որովհետև Ավետիքը նկարագրում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կենսունակ պետություն, իսկ դրա նախապայմաններից մեկը ռազմապես հզոր և ռազմական տեխնոլոգիաների տեսանկյունից զարգացած պետությունն է: Երբ նայում ենք գործող իշխանությունների կողմից այս հարցերում իրականացված քաղաքականության տենդենցը, մենք չենք տեսնում, որ այս իշխանությունները ուզում են, որպեսզի Հայաստանը լինի ռազմապես կենսունակ, հզոր պետություն: Նույնիսկ տարրական բաներ չեն իրականացվում:
Թեկուզ հասարակ օրինակ, կրթական համակարգի հետ կապված իրենք չորս տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, իսկ այսօր, երբ նայում նայում ենք, թե ինչ է կատարվում կրթության ոլորտում վերջին տարիներին, ամեն ինչ ավելի վատացել է՝ թե որակապես, թե ուսանողների, դասախոսների մոտիվացիայի առումով, նույնը՝ դպրոցներում: Իսկ երբ նայում ենք գործող իշխանությունների կադրային բազային, նրանց կոնտրոնական դեմքերին, ու՞մ հետ կարող ես այս թեմաներով խոսել, նրանք այդպիսի տեսլականների կրող չեն, շատ նեղ, սահմանափակ և նյութականացված ամբիցիաներ ունեցող մարդիկ են, ում բնորոշ չէ ազգային արժեքային բարձր համակարգը: Հետևապես, Ձեր հարցը, այսպես ասած, տեղին չէ, որ այս իշխանությունները կարողանան որդեգրել այն տեսլականը, որի մասին Ավետիքը խոսում է»:
Մարիամ Նալբանդյան